«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Մենք միասնության խնդիրը կարող ենք լուծել հուժկու մի ցնցումով»

«Մենք միասնության խնդիրը կարող ենք լուծել հուժկու մի ցնցումով»
04.07.2008 | 00:00

«ՍԵԶ ՄՈՏ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ Է, ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐ ՉԿԱՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ։ Հայ օպերային բեմարվեստի ուշագրավ դեմքերից մեկը։ Մեկը նրանցից, ում հաջողվում է արժանավայել ներկայացնել հայ արվեստն ու Հայաստանը աշխարհում։ Նաև մեկը, ով բնավ անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչը որոշում է ազգի ու պետության լինելության խորհուրդը...
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԻՆՉ-ՈՐ ԽՈՏԱՆ ՈՒ ԹԱՓՈՆ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՃԱՇԱԿՆ ՈՒ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ»
-Պարոն Թումանյան, Ձեր ժամանակի և գործունեության պատկառելի մի հատվածը չափվում է օտար եզերքներում։ Յուրաքանչյուր տունդարձի, բնականաբար, թարմ հայացքով ու զգացողությամբ եք տեսնում հասարակական-քաղաքական իրողությունները, տեսնում որոշակի տարածությունից։
-Առհասարակ նախընտրում եմ հազվադեպ մասնակցել հարցազրույցների, քիչ խոսել։ Այո, արտասահմանում եմ ավելի շատ, քանզի այնտեղ է իրական գործունեության դաշտը, պարարտ հողը։ Չնայած ոչ պակաս պարարտ էր հողը այստեղ, երբ ուսանում էի։ Ասեմ, որ արվեստի մարդը, հիմնավոր կրթություն ստանալով, հետագայում իր ներաշխարհով է անցկացնում այն ամենը, ինչ կատարվում է արվեստում և հասարակական կյանքում։ Արվեստում անհնար է առանց շփումների ու առանց համեմատությունների, առանց քո իրական տեղն ու դիրքը ճշգրտելու։ Բայց ինչի՞ համար է խոսքիս այս նախերգանքը։ Քսան տարի առաջ ես շատ ավելի լավատես էի, խառնվածքս է այդպիսին՝ չընկճվել, պայքարել միշտ և ամենուր։ Սակայն կա արժանի պայքար, երբ քեզ հոգեպես լիովին բավարարված ես զգում։
-Այսինքն՝ պայքար հանուն նպատակի։
-Այո։ Ես, իհարկե, պայքարում եմ հանուն արվեստի, հանուն իմ արվեստի։
Ինչևէ, ինչո՞ւ եմ այսօր տխուր ու մի քիչ հոռետես, ինչո՞ւ եմ աշխարհը մուգ գույներով տեսնում։ Շրջելով աշխարհում և իմ միջով անցկացնելով տարբեր ազգերի մշակույթներ, ես, այսուհանդերձ վերադառնում եմ շարունակ։ Շատերը, սակայն, չեն գալիս, արտասահմանում կուտակած փորձն ու հմտությունը Հայաստան չեն բերում, այստեղ դպրոց չեն ստեղծում։ Իսկ պատանեկությունն ու երիտասարդությունը գտնվում է ինչ-որ կոլաժային մշակույթի ճիրաններում, ընդ որում, կեղծ կոլաժային, ինչ-որ հեռուստատեսային խոտան ու թափոն է նրանց ճաշակն ու մտածողությունը ձևավորում։
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ Է ՎԵՐԱԾՎԵԼ...»
-Չե՞նք հեռանում մեր զրույցի բուն խնդրից։
-Ամենևին։ ՈՒղղակի հեռվից եմ գալիս։ Եվ ասեմ, որ ազգություններն առանձնանում են ոչ միայն իրենց լեզվով, այլև իրենց արվեստով։ Երկիր ներկայացնող արվեստագետը ներկայացնում է երկրի արվեստը։ Եվ այստեղ գենոտիպը, հավատացեք, առաջնային է։ Եվ առաջնային է այն մթնոլորտը, միջավայրը, ուր հասունացել է արվեստագետը։ Որքան էլ պնդենք, թե Վելիմիր Խլեբնիկովը հայ է, միևնույն է, նա ռուս գրականություն է ներկայացնում։ Մեզ մոտ դեգեներատ սերունդ է ձևավորվում։ Այս սերունդը հասունանում է գիտական հիմքերից զրկված արվեստի միջավայրում։ Մենք շատ ենք սիրում թափանցիկ ներկայացնել հանրությանը մեր խնդիրները։ Սիրված արտահայտություն է՝ թափանցիկ։ Սա ժամանակ մեռցնել է։ Ժողովրդավարություն ենք խաղում, քաղաքականությունն օր օրի ավելի տգեղ ու տձև է դառնում։ Հայրենասիրությունն ամբողջովին կեղծարարության է վերածվել։ Ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը, երբ մեր ժամանակների երաժշտությունը, հոգին ու ոգին հայկական չեն։ Մեր ժամանակների արվեստը, եթե այն արվեստ է համարվում, հեռուստասերիալներն ու հեռուստաժամանցային ծրագրերը, երգն ու երաժշտությունը, իմ սուբյեկտիվ տեսակետով, և՛ հոգով, և՛ ոգով այլ ազգերի այլմոլորակային տեսության արհավիրքներ են։
-Հավատի պակա՞սն է գուցե «լրացվում» կեղծիքների շարակարգով։
-Եթե հավատն ու հոգին չլինեին Վերածննդի Իտալիայում, Միքելանջելոն չէր քանդակի Դավթի արձանը։ Դա նրան պետությունը պատվիրեց։ Միքելանջելոն նույն քաղաքականության պատճառով տասը տարի լռեց։ Բայց և կերտեց Դավթին, քանզի արվեստն էր առաջնայինը։ Մեր իրականությունում սիրում են լռել, հանդուրժել և... հեռանալ։ Որովհետև քաղաքականությունը նրանց թույլ չի տալիս ինքնաբացահայտվել, թույլ չի տալիս լիարժեք ստեղծագործել։ Այսօրվա հայրենասիրական երգը վաղը չի ընկալվելու, որովհետև վաղը հիշելու են, որ այս երգերն այն անհույս և քաղաքականացված օրերի հայրենասիրական երգերն են։
-Մեր իշխանությունն այսպիսով ի՞նչ հող է նախապատրաստում։
-Ի՞նչ ենք այսօր մենք ձևավորում։ Սահմանափակ, անհեռանկար, այսինքն՝ մտավոր այլասերված մի սերունդ։
«ԼԵՎՈՆԸ ԳՈՐԾՈՎ ՊԻՏԻ ԱՊԱՑՈՒՑԻ ԻՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ»
-Ձեր նկարագրած համապատկերում պայքարի բևեռներ են առկա։

-Սոցիալական պայքար է, ոչ գաղափարի։ Եթե մարդն այսօր իր արդար աշխատանքով գոնե սոցիալական իր նվազագույնը բավարարում է և ապրում անխռով, ապա այն արձանը, որի վրա նա թքում էր երեկ քաղցած ժամանակ, այսօր նրա աչքում ամենևին պախարակելի չի լինի։
-Բայց կարծես թե հրապարակներում և երթերում սոցիալական կարգախոսներ գոնե առայժմ չեն հնչել։
-Լենինն ասում էր, որ հաղթում է գաղափարը։ Մեկ ուրիշն էլ ասում էր՝ եթե կամենում ես անտառը տեսնել, պետք է անտառից դուրս գաս։ Քանզի դրսից է երևում անտառն ամբողջությամբ։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս գաղափարներ չի բերել։ Նա խոսքով, հռետորական ելույթներով գաղափարներ չի ներմուծելու մեր իրականություն։ Նա գործ պետք է անի, գործով պիտի հիմնավորի իր գաղափարների անխուսափելիությունը։
-Սակայն նա ճանապարհ է ելել ու, ինչպես ժամանակն ապացուցեց, բավական աներեր ընթանում է այդ ճանապարհով։
-Մեր ժողովրդի մի խոշոր մասը՝ սոցիալապես անապահով, հասել է ծայրահեղ վիճակի։ Նա իր մտքերն ազատ արտահայտում է, կարծես ազատ երկրում է ապրում, սակայն նա օտարված է իր երկրում։ Ինչպիսի՞ն կլինի Ս. Սարգսյանի ղեկավարությունը, դժվար է ասել։ Առհասարակ, շատ դժվար է գնահատել քեզ հետ, նույն իրականությունում ապրող մարդուն։ Մենք հույս ունեինք, որ Կարեն Դեմիրճյանի իշխանության գալով կլուծվեին բոլոր խնդիրները։ Սակայն համոզված չէինք։ Քանի որ խոշոր երկրներն ունեին իրենց քաղաքական շահերն ու հետաքրքրությունները։ Մենք նրանցից կախված ենք որոշակիորեն։ Նաև կապանքված ենք ներքին քաղաքական երկպառակություններով։ Եթե ուշադրություն դարձնենք, մեզ մոտ տեղի է ունենում երկրի դասական պառակտման գործընթաց, որտեղ հասարակությունը գտնվում է սոցիալական ճգնաժամում, ուր և ծնվում են ինքնակամ, ցուցամոլ դուրսպրծուկներ` ստեղծելով կուսակցություններ և անպատասխանատու հայտարարություններով փորձելով կեղծ հայրենասիրությամբ ժողովրդին հանել ճգնաժամից, միևնույն ժամանակ սատարվելով հզոր երկրներից, որ ստեղծեն կայունություն և օրինավոր կառավարություն։ Բայց չէ՞ որ իրականում իսկական անկայունություն է, վերջնարդյունքում էլ երրորդ կողմի կառավարությունը կարող է գալ իշխանության` մեր ներկա ընդդիմության ձեռքով։
-Մենք, մեր հասարակությունն այսպիսով անպաշտպա՞ն ենք։
-Մենք ծիրանասեր ազգ ենք և հաճախ մեզ համեմատում ենք ծիրանենու հետ։ Բայց եթե ես չվերցնեմ համապատասխան սարքն ու դեղամիջոցը և չխնամեմ այգիս, իմ ծիրանի բերքը կոչնչանա, մլակներն ու զեռունները կուտեն ծիրանենու տերևն ու կեղևը։ Մեր ազգի մեջ այսօր շատ են այդ զեռուններն ու մլակները։ Բայց անզոր ենք ազգային զեռուններին ոչնչացնել սրսկումներով։ Այսօր հասարակության, ժողովրդի այն խոշոր հատվածին, որը հասարակական ու ազգային նկարագիր ունի, որը զեռուններից ու մլակներից սարսափելի հոգնել է, առաջնորդ էր պետք։ Այդ առաջնորդի դերը ստանձնեց Տեր-Պետրոսյանը։ Չլիներ նա, ուրիշը կլիներ։
-Հրապարակում, սակայն, երկուսն են, երկու անհատականություններ, հանրապետության կայացման երկար ու դժվարին շրջափուլում համախոհներ ու ընկերներ, այսօր բևեռացված հասարակության առաջնորդներ։
-Ես ինձ նայում եմ երրորդ աչքով, ոչ այնպես, ինչպես ինքս եմ ինձ տեսնում հայելում, այլ երրորդ մի չափումով, տարածական մոտեցմամբ։ Խոսքս երրորդ ուժի մասին չէ, այլ երրորդ տեսակետի, որը միշտ է կառավարում։ Դա աներևույթ է, սակայն՝ քո ինքնությունը որոշող։ Այն կարող է հանդես գալ որպես վեցերորդ զգայարան, քո խիղճը, որն ինքնաքննադատությամբ քեզ հեռու է պահում մեղք գործելուց։ Հիմա ես երրորդ աչքով եմ նայում ներկա իրողություններին, իմ ժողովրդին, Լևոնին և Սերժին։ Ես նրանց միջև եմ, ես և՛ Լևոնի կողմնակիցն եմ, և՛ Սերժի։ Եվ ունեմ երրորդ տեսակետը՝ չեմ ցանկանում որևէ բախում նրանց միջև։ Սակայն ես կոչ չեմ անում միացման, համերաշխության, միաբանության, ինչպես եհովականներն են քարոզում, թե կգա ժամանակը, և ոչխարն ու առյուծը միասին խոտ կճաշակեն կամ միս կհոշոտեն։
-Այսպիսով, Ձեր երրորդ աչքը հուշում է, որ հնարավոր չէ՞ երկխոսությունը նրանց միջև։
-Իհարկե, հնարավոր չէ։ Երկխոսությունն անհրաժեշտ է։ Բայց այն իր գաղափարախոսությամբ միտված է զարգացման, մեզ մոտ իրականությունը սև ու սպիտակ է, նրբերանգներ չկան։ Եղել են բազում արհավիրքներ, ժողովուրդը միացել, բռունցքի է վերածվել։ Մենք այսօր միասնության խնդիրը կարող ենք լուծել հուժկու մի ցնցումով... ինչպես Սարդարապատում, Ղարաբաղում և այլն։ Մեզ կարող է ոչ միայն դա միավորել։ Նաև՝ գլոբալ քաղցը։ Կամ մի այլ բան։ Վերջնարդյունքում մեզ քաղաքակիրթ նախագահ է պետք, կլինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Սերժ Սարգսյանը, կարևոր չէ։ Այդ նախագահի ղեկավարությամբ մարդն իրեն մարդ կզգա։
-Բարի, սակայն պատերազմում հաղթանակած մեր ժողովուրդն ինչպե՞ս, ո՞ւմ կամքով այս ամենին հասավ։
-ՑՌՈՒ-ն, ԿԳԲ-ն, «Մոսսադն» ու մեկ այլը տապալում են երկրներ արվեստի ձեռքերով: Հայաստանում, օրինակ, մոր մասին երգում են փողոցային տոնայնությամբ ու բառերով, և հայ մայրն այլևս ռեպ-մամա է։
Եվ քանի որ պարտականությունն ու փառքը միաժամանակ են դրվում առաջնորդի ուսերին, նա պարտավոր է հիմնավոր բարեփոխումներ իրականացնել, բարձրացնել երկրի ու հասարակության դիմակայելու ունակությունը։ Առավել ևս, որ մեր ազգային ներուժը շատ է նոսրացել։ Ջինը վաղուց դուրս է թողնված սափորից, հիմա նրան շատ դժվար է հետ մղել։
-Եվ եղավ մարտի 1-ը…
-Այո, եկավ պայքարի դաժան պահը, ուր մեղավոր և... արդար են բոլորը. և՛ ոստիկանը, ով իր պարտականություններն է կատարում, և նրան հարվածողը, ով իր երկրում ապրելու, պարտականություններ և իրավունքներ ունենալու խիստ պահանջ ուներ և ունի։
«ՀՐԱՇԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ ՕՏԱՐ ԵԶԵՐՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՕՏԱՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ»
-Որոշ, ոչ պատահական մարդկանց համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը... հիանալի ղեկավար կլինեին այլ երկրներում։
-«Չկա մարգարե իր հայրենիքում», այս ասացվածքն է Ձեր հետաքրքիր հարցի պատասխանը։ Ես անուն ձեռք բերեցի դրսում։ Իսկ Սամուիլ Մարշակը` Շեքսպիրի փայլուն գիտակն ու թարգմանիչը, զարմացած ասում էր. «Ի՞նչ ազգ եք հայերդ, որ Նարեկացուն հազար տարի պահել եք փակի տակ, հեռու աշխարհից»։ Մենք մեր հզոր առաջնորդներին դավում ենք, չենք ընկալում նրանց հեռատեսությունը։ Այսօր որքանո՞վ է պատրաստ Տեր-Պետրոսյանն իրական առաջնորդ լինելու։ Նա դուրս եկավ քաղաքականությունից, հեռվից ուշի-ուշով դիտեց անտառը և վերադարձավ։ Սակայն հայի գենոտիպում ինչ-որ այլասերում է առկա, մեկ քայլ առաջ ենք գնում երկու քայլ նահանջելուց հետո միայն։ Օտար եզերքներում, իհարկե, այդպես չէ, ենթարկվում ենք հրաշալիորեն նրանց օրենքներին, հրաշալի նվաճումներ ունենում` ի վերջո, նրանց համար դառնալով... պարարտանյութ։ Եվ փոխանակ մեր երկրում ստեղծենք ոսկե միջինը, ժանգոտ ծայրահեղություն ենք ձևավորել ու անցել նրա կողմը։
-Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ։ Եվ դեպի ո՞ւր...
-Մենք հնագույն ազգ ենք, յանկիներ չենք, շատ ուժեղ է մեր գենը։ Սակայն այն մեզ տանում է դեպի երեք տարբեր իրականություն։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր դասական արվեստը, դեպի մեր գիտելիքները՝ վերընթերցելով Նարեկացուն։ Այնինչ մեր բանականությունը խառնակված է ամենատարբեր թունահաբերով, այն ամենով, ինչը շարունակ հրամցվում է մեզ։ Մեր իշխանությունները չեն էլ մտածում այս խնդիրների մասին։ Հիտլերը Վագների բոլոր օպերաները, որոնք հենված են գերմանական դիցաբանությանը, դարձրեց յուրաքանչյուր գերմանացու սեփականությունը և դասական երաժշտությունը դաստիարակիչ հզոր գործոնի վերածվեց։ Մենք, նաև մեր իշխանավորներն, անշուշտ, մոռացության ենք մատնել մեր դիցաբանությունը... Եվ չափազանց ունակ ենք ներքին երկպառակություններում։ Անգամ Տիգրան Մեծի կայսրությունը ակնթարթորեն փլուզվեց։ Որովհետև ժողովուրդը կամեցավ, որ այն փլուզվի, մի մասը նավարկեց դեպի հյուսիս, մյուս մասն ապավինեց հարավին։ Այսօր վտանգված է մեր պետականությունը, քանի հայն այլևս չի կարող լծի տակ ապրել, նա ազատամիտ է և արդարասեր։ Պատմությունը չէ՞ որ կրկնվում է։ Մի մոռացեք, ես Արշակ Երկրորդ եմ խաղացել՝ խորապես ուսումնասիրելով հայ թագավորության ներքին փիլիսոփայությունը։
-Ձեր պատասխանն այս հարցն է ծնում։ Մենք շարունակ գնում ենք առաջնորդի հետևից... շարունակ մերժելով նախորդ առաջնորդին։ Այդպես մերժեցինք ու պաշտեցինք Կ. Դեմիրճյանին, Լ. Տեր-Պետրոսյանին, Վ. Սարգսյանին։ Այսպիսով գուցե կռապա՞շտ ենք։ Կուռքեր ենք ընտրում, հետո կործանում կուռքերին... նորերին երկրպագելու հույսով։
-Սա հավանաբար միայն մեզ չէ բնորոշ։ Պարզապես յուրաքանչյուր մարդու էության մեջ ներփակված են չարն ու բարին։ Նույն հավանականությամբ ամենասիրելին կարող են դառնալ և՛ Լ. Տեր-Պետրոսյանը, և՛ Ս. Սարգսյանը։ Խնդիրն այն է, որ հաղթողը պետք է լինի գաղափարի, գործի, առաջընթացի հաղթողը։
-Լավ, ի՞նչ է պակասում առհասարակ հայ առաջնորդին։
-Նա պետք է ի զորու լինի նախ ինքն իրեն սանձելու, կառավարելու։ Հանուն, իհարկե, ազգի և պետության բարօրության։

Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7397

Մեկնաբանություններ